Ջերմուկ

Ջերմուկ, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։[1]
Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը[1]։ 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը
Հրաշք ջուրը
Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը[4]:[5]
Ջրահարսի վարսերը
Ջերմուկի ջրվեժը
Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը։
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։
Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:[6]
Աշխարհագրություն
Ջերմուկի բնաշխարհը
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։
Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ: Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև “Նարզան” տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։[7]
Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Անտառի մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին։[1]
Կլիմա
Ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 °C, ամռանը՝ +15.3 °C, աշնանը՝ + 4.9 °C, ձմռանը՝ -9 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը –9 °C է, նվազագույնը՝ –35 °C, հուլիսինը՝ 18 °C, առավելագույնը՝ 32 °C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48%, արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ։[8]
Climate data for Jermuk | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Month | Jan | Feb | Mar | Apr | May | Jun | Jul | Aug | Sep | Oct | Nov | Dec | Year |
Average high °C (°F) | −2.5 (27.5) |
−1.7 (28.9) |
2.0 (35.6) |
7.1 (44.8) |
13.4 (56.1) |
17.7 (63.9) |
21.6 (70.9) |
22.9 (73.2) |
19.3 (66.7) |
13.4 (56.1) |
5.6 (42.1) |
0.4 (32.7) |
9.9 (49.8) |
Average low °C (°F) | −12.1 (10.2) |
−11.5 (11.3) |
−7.4 (18.7) |
−1.4 (29.5) |
3.0 (37.4) |
5.7 (42.3) |
8.7 (47.7) |
8.8 (47.8) |
5.2 (41.4) |
1.9 (35.4) |
−3.9 (25) |
−8.6 (16.5) |
−1.0 (30.2) |
Average rainfall mm (inches) | 64 (2.52) |
74 (2.91) |
83 (3.27) |
103 (4.06) |
97 (3.82) |
71 (2.8) |
42 (1.65) |
26 (1.02) |
24 (0.94) |
65 (2.56) |
63 (2.48) |
67 (2.64) |
779 (30.67) |
Average rainy days | 13.1 | 13.4 | 15.7 | 16.2 | 17.9 | 12.9 | 7.7 | 5.8 | 5.8 | 9.6 | 10.1 | 12.3 | 140.5 |
Գնդեվանք
Ջերմուկ քաղաքին ամենամոտ և ամենագեղեցիկ վայրերից մեկը Գնդեվանքի միջնադարյան եկեղեցական համալիրն է՝ տեղակայված Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին։
Այն կառուցվել է 931-938 թվ., Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ, ով նաև Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը։
Նպատակ ունենալով ամուր պահել հայ ազգի հավատը՝ մեր քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները, հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ։
Գնդեվանքում, որը հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան, առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն է եղել Եղիշե երեցը։
«Գնդեվանք» համալիրի անվանումն ունի ստեղծման երկու տարբեր պատմություն՝ • ըստ առաջին պատմության, այն կոչվել է վանքի ճգնավոր Սուփան Գնդունու անունով, • իսկ երկրորդ պատմությունն ավելի հետաքրքիր է, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որ կարողանա ավարտին հասցնել համալիրի շին. աշխատանքները և հենց այդ գինդերի համար վանքը կոչվել է «Գնդեվանք»։ Իշխանուհու արժանահիշատակ գործունեությունը փաստող վկայությունը կարող եք տեսնել հենց Գնդեվանքի արևմտյան պատին։
Արձանագրությունն ասում է՝ «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։
րփա գետի ձորի բնությունն ամբողջովին շրջապատում է Գնդեվանքը՝ որը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական աննկարագրելի բնության և անկրկնելի ճարտարապետության ներդաշնակությունը։
Մի քանի «ավանդազրույցներ» «Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց իշխան Սմբատի դստեր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը, ով էլ պատասխանում է, որ կհամաձայնվի միայն այն դեպքում, եթե իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցությանը և կարողանա հաղթել իրեն։ Իսկ մրցույթի պայմանն այն էր, որ իշխանազնը պետք է ընդամենը 40 օրում ջրանցք անցկացներ՝ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան նույն ժամկետում՝ մի վանք կառուցեր: 39-րդ օրն էր և իշխանազնը լուր ստացավ, որ Սոֆիայի կառուցած վանքի շին. աշխատանքներն ավարտվում են: Հոր խորհրդով իշխանը սպիտակ կտավ է կախում զառիթափից, որպեսզի քամին ծածանի և թվա թե ջրանցքն արդեն պատրաստ է, իսկ ջուրը հասել է տեղ։ Ճիշտ է, վանքի կառուցումն արդեն ավարտվում էր, բայց Սոֆիայի կարողությունն արդեն սպառվում էր և վանքի գմբեթի քարերը դնելու համար Սոֆիան վաճառում է իր ականջի գինդերը: Հենց այդ պահին լուր է հասնում Սոֆիային, որ ջրանցքն արդեն պատրաստ է։ Նայելով դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում, գեղեցկուհին հուսահատությունից ցած է նետվում անդունդը։ Եվ վանքն հետայսու կոչվում է «Գնդեվանք»:
«Սմբատ թագավորի կինը՝ Սոփիան, կամեցել է այստեղ մի վանք կառուցել։ Երբ այն արդեն պատրատ է եղել, վերջինս մոտակա ձորերի այրերում ճգնող վանականներին հրավիրել է նոր վանքը։ Կար մի վանական՝ Օվանես անունով, ով ծերության պատճառով չէր կարողանում կանգնել և ծնկած էր աղոթում, որի համար նրան Գունտ Օվանես էին ասում։ Նա դառնում է վանքի առաջին վանահայրը և վանքն իր անունով սկզբում կոչվում է «Գունտ Օվանեսի վանք», «Գնտավազ», հետո էլ՝ «Գնդեվանք»։